Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դինո Ձոֆը 70 տարեկան է

Սպորտ
9d13ca4074deae4f2fca78002fdecbc0

Այսօր լրացավ աշխարհահռչակ իտալացի դարպասապահ Դինո Ձոֆի ծննդյան 70-ամյակը:

Նրա անցած ֆուտբոլային ուղին անկրկնելի է եւ ուսանելի շատերի համար: Արդեն 15 տարեկան հասակում նրանով հետաքրքրվում են երկրի առաջատար ակումբները, սակայն հետագայում բոլորը միաձայն հրաժարվում են պայմանագիր առաջարկել խոստումնալից դարպասապահին:

1961 թվականին Դինո Ձոֆը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքում համեստ «Ուդինեզեի» հետ: Նրա նորամուտը Ա սերիայում անհաջող է ստացվում, եւ անդրանիկ խաղում թիմի նորեկը 5 գոլ է բաց թողում «Ֆիորենտինայից»: Հետո հանդես է գալիս ցածր լիգայի թիմերում, սակայն երբեք չի կորցնում մեծ ակումբ տեղափոխվելու հույսերը:

1967-ին Ձոֆը պայմանագիր է կնքում «Նապոլիի» հետ, իսկ մեկ տարի անց արդեն հրավիրվում է ազգային հավաքական: Վերջինիս կազմում անցկացնելով ընդամենը 4 խաղ, 26-ամյա դարպասապահը նվաճում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Սակայն 1970 թվականի աշխարհի առաջնությունում Դինո Ձոֆը պահեստային դարպասապահի դեր է կատարում:

Նա համբերատար սպասում է իր աստեղային ժամին: Եվ դա գալիս է 1972 թվականին, երբ Դոն Դինոյի օգնությանը վերջապես դիմում է երկրի գրանդներից մեկը` «Յուվենթուսը»: Ձոֆը թուրինյան թիմի դարպասը հավատարմությամբ պաշտպանում է մինչեւ 1983 թվականը: Այդ ընթացքում «Յուվենթուսը» ոչ մի անգամ 3-րդ տեղից ցածր տեղ չի գրավում:

1982 թվականին, 40 տարեկան հասակում, Դինո Ձոֆը Իտալիայի հավաքականի կազմում նվաճում է աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա, բնականաբար, այդ թիմի ավագն էր:

Ֆուտբոլիստի կարեիրային հրաժեշտ տալուց հետո անվանի դարպասապահը իր ուժերը փորձում է նաեւ մարզչական բնագավառում: 2000 թվականին նրա գլխավորած Իտալիայի հավաքականը հասնում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, սակայն թիմի վերջնական հաղթանակին չի բավարարում մի քանի վայրկյաններ. 94-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի խաղացող Վիլտորը հավասարացնում է հաշիվը, իսկ լրացուցից ժամանակի 103-րդ րոպեին Տրեզեգեն խփում է հաղթական գոլը:

Այժմ աշխարհի չեմպիոնն ապրում է Մանտովայում, որտեղ իր առաջին քայլերն էր կատարել մեծ ֆուտբոլում: