Հայաստանը պատրաստվում է Սերբիայի հետ խաղին
Վաղը, փետրվարի 28-ին, Երեւանի ժամանակով 18:00-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի ազգային թիմի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին մեր հավաքականն իր առաջին մարզումն է անցկացրել Լիմասոլից ոչ հեռու գտնվող խաղադաշտերից մեկում, սակայն չի նշում, թե քանի ֆուտբոլիստ է մասնակցել դրան:
Սակայն կայքէջից հայտնի է դառնում, որ նույն օրը, ուշ երեկոյան, թիմին միացել են Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Մասիս Ոսկանյանը եւ Արազ Օզբիլիսը: Այսօր Լիմասոլ պետք է ժամանի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, իսկ մեկ օր անց` Յուրա Մովսիսյանը: Ազգային հավաքականին չի միացել Զավեն Բադոյանը, որը վնասվածք է ստացել: Հիշեցնենք, որ մեր թիմի գլխավոր մարզիչը կիպրոսյան ուսհավաքին հրավիրել էր 31 խաղացող:
Մինչեւ Սերբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի եւս երկու մարզում` փետրվարի 27-ին ժամը 19:00-ին, փետրվարի 28-ին` 12:30-ին:
Նշենք, որ փետրվարի 29-ին Հայաստանի հավաքականը նույն մարզադաշտում կհանդիպի արդեն Կանադայի ազգային թիմի հետ: Այդ խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին: