«Միլան» -«Յուվենթուս» խաղի 9 մասնակիցները կպատժվեն
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր կքննարկի երկրի առաջնության 25-րդ տուրում կայացած «Միլան» - «Յուվենթուս» խաղին տեղի ունեցած միջադեպերը, որի արդյունքում հանդիպման 9 մասնակիցներ հնարավոր է պատժվեն:
Մասնավորապես` միլանցիների ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեկսեսը մրցակցին ձեռքով հարվածելու համար կարող է երեք խաղով որակազրկվի: Իսկ ահա «Յուվենթուսի» ավստրիացի պաշտպան Շտեֆան Լիխշտայները նույն ձեւով պատասխանել է Սալի Մունտարիին:
«Միլանը» դժգոհել է նաեւ թուրինցիների կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի գործողություններից, որը երկու դրվագում արմունկով հարվածել է բելգիացի պաշտպան Մարկ վան Բոմելին:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին, ինչպես նաեւ թիմերի ֆուտբոլիստներ Մասիմո Ամբրոզինին եւ Ջորջո Կիելինին նույնպես կպատժվեն, քանի որ հանդիպման ընդմիջմանը եւ ավարտից հետո նրանք լեզվակռվի են բռնվել:
Այսօր կորակազրկվեն նաեւ «Յուվենթուսի» ֆուտբոլիստներ Վիդալն ու Պեպեն: Երկուսն էլ բաց կթողեն հաջորդ հանդիպումը, քանի որ առաջինը կարմիր քարտ է ստացել այդ խաղում, իսկ երկրորդը չորրորդ անգամ է զգուշացվել առաջնությունում, ինչը հավասարազոր է մեկ հեռացման: