Սերբերը պատրաստվում են Հայաստանի հետ խաղին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այս տարվա առաջին մրցակցի` Սերբիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռադովան Չուրչիչը հայտարարել է, որ Կիպրոսի միջազգային մրցաշարին թիմը հանդես կգա երկու տարբեր խմբերով:
«Մենք ստիպված պետք է երկու կազմով հանդես գանք, քանի որ ֆուտբոլիստի համար դժվար է երկու օրում մասնակցել երկու հանդիպման: Մեր ծրագրով, այդ խաղերին կնախապատրստվեն 25 ֆուտբոլիստներ, որպեսզի բոլորն էլ խաղալու հնարավորություն ունենան»:
Ռադովան Չուրչիչը մտադիր է թիմի կազմում ընդգրկել ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ խաղացողների:
«Ես չէի կարող անուշադրության մատնել Դեյան Լեկիչին, որը «Օսասունայի» կազմում վերջերս երկու գոլ է խփել «Բարսելոնայի» դարպասներին, ինչպես նաեւ Օբրադովիչին, որն Իսպանիայի առաջնության արդյունավետ խաղացողներից է: Ուրախալին այն է, որ հավաքականի բոլոր թեկնածուներն էլ այժմ գտնվում են լավ մարզավիճակում» - եզրափակել է սերբ մասնագետը:
Նշենք, որ այս տարվա Կիպրոսի միջազգային մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Սերբիայի, Կանադայի եւ Կիպրոսի հավաքականները:
Փետրվարի 28-ին մեր ֆուտբոլիստները կհանդիպեն սերբերի հետ, իսկ մեկ օր անց ուժերը կչափեն Կանադայի ազգային թիմի հետ: Նույն օրերին դաշտի տերերը կհյուրընկալեն համապատասխանաբար կանադացիներին եւ սերբերին: