Տրապիզոնում կվճռվի Լոնդոնի ուղեգրի հարցը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնում:
«Հավաքին մասնակցում են 18 բռնցքամարտիկներ: Մեզ է միացել նաեւ Վրաստանի հավաքականը՝ իմ հրավերով: Այժմ պատրաստվում ենք Բուլղարիայում եւ Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարերին: Դրանցից հետո կորոշենք թիմի այն կազմը, որը ապրիլի 13-22-ը Տրապիզոնում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին»,- «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Փետրվարի 21-26-ը Հայաստանի ընտրանին հանդես կգա Սոֆիայի միջազգային մրցաշարում: Այդ մրցումներին կմասնակցեն 6 բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ) եւ Սերգո Պողոսյանը (+91 կգ):
Մարտի 8-12-ը Հայաստանի հավաքական արդեն ուժերի ստուգատես կկազմակերպի Հելսինկիում անցկացվող մրցաշարում: Այնտեղ մեր թիմը հանդես կգա նոր կազմով՝ Կորյուն Սողոմոնյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Հրայր Մաթեւոսյան (69 կգ) եւ Անդրանիկ Հակոբյան (75 կգ):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր ունի, ուստի վարկանիշային մրցաշարին, Հայաստանի թիմը հավանաբար հանդես կգա 5 հոգով, քանի որ երեք քաշային կարգերում գլխավոր մարզիչը դեռ պետք է ընտրի լավագույններին, իսկ ծանր քաշում մենք մեծ շանսեր չունենք:
Ուստի զարմանալի չէ, որ Կարեն Աղամալյանը Թուրքիայի վարկանիշային մրցաշարից ակնկալում է ընդամենը 1-2 օլիմպիական ուղեգիր: