Համեստ դիրքերում
Մոսկվայում շարունակվող «Աերոֆլոտ-օփեն» շախմատային փառատոնի A մրցաշարում մեր շախմատիստներն առայժ համեստ են հանդես գալիս:
6-րդ տուրում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ 3-րդ տեղից նահանջեց 13-րդ հորիզոնական: Նա վաստակել է 4 միավոր եւ մրցաշարի առաջատար Անտոն Կորոբովից արդեն ետ է մնում 1 միավորով:
Վլադիմիր Հակոբյանը եւ Կարեն Հ. Գրիգորյանը այս տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Մեր փորձառու գրոսմայստերը 3 միավորով զբաղեցնում է 47-րդ տեղը: Միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը կես միավոր ավելի ունի եւ գտնվում է 38-րդ հորիզոնականում:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը կմրցի հունգարացի Չաբա Բալոգի, իսկ
Կարեն Հ. Գրիգորյանը` հնդիկ գրոսմայստեր Չանդա Սանդիպանի հետ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով քննության կենթարկի իրանցի Էշան Ղաեմին:
Փառատոնի B մրցաշարում մեր շախմատիստներ Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Գաբուզյանը 6 տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք արդեն երկու միավորով ետ են մնում մրցաշարի ընդգծված առաջատար, թուրք գրոսմայստեր Էմրե Սանից: