Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 մեդալ բերեցին Իրանից

Սպորտ
63cde5548821747972199f6ff83e1a6e

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 10 մեդալ է նվաճել իրանական Մաշադ քաղաքում կայացած «Արեւածագի 10 օր» սպորտային փառատոնի աթլետիկայի մրցումներում:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց, որ այդ մրցումներում բոլորից հաջող հանդես են եկել Հայաստանի մարզուհիները, որոնք մրցանակային 9 տեղ են գրավել:

«Սպորտային փառատոնին մասնակցեցին 15 թիմեր՝ 10 երկրներից: Կանանց մրցումներում մեր հավաքականն ընդհանուր հաշվարկով գրավեց 2-րդ տեղը: Ոսկե մեդալներ նվաճեցին Գայանե Բուլղադարյանը (800 մ վազք), Հայկանուշ Բեգլարյանը (եռացատկ) եւ Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ): Նրանք երկրորդը ճանաչվեցին նաեւ համապատասխանաբար 400մ վազքում, հեռացատկում եւ եռացատկում»:

Մեր կանանց հավաքականը արծաթե մեդալ է նվաճել նաեւ 4x400 մ փոխանցավազքում: Իսկ ահա տղամարդկանց մրցումներում աչքի է ընկել միայն հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը, որը այդ ձեւում գրավել է 2-րդ տեղը:

Գլխավոր մարզչի հավաստմամբ, մեր աթլետները ներկայումս պատրաստվում են աշխարհի ձմեռային առաջնությանը, որը կայանալու է մարտի 9-11-ին, Ստամբուլում: Այդ ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն Ամալյա Շառոյանը եւ Աշոտ Հայրապետյանը: Նրանք իրենց ուժերը կփորձեն համապատասխանաբար 400 մ եւ 800 մ վազքում: