Արթուր Աբրահամի մրցակիցը ճանաչվեց լավագույնը
Ամերիկյան լրագրողների միության հարցման արդյունքներով 2011թ. աշխարհի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել ամերիկացի Անդրե Ուորդը:
Այդ մրցանակի հավակնորդների թվում են եղել նաեւ ֆիլիպինցիներ Նոնիտո Դոները, Մենի Պակյայոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը եւ ուկրաինացի ծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն: Միությունը չի հրապարակել հարցման արդյունքները, սակայն նշել է, որ Անդրե Ուորդը հաղթել է բացահայտ առավելությամբ:
Ամերիկացի 27-ամյա բռնցքամարտիկն անցած տարի անցկացրել էր 2 մենամարտ: Մայիսին նա հաղթել էր Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին, իսկ դեկտեմբերին` բրիտանացի Կառլ Ֆրոչին: Արդյունքում 76,2 կգ քաշային կարգում հռչակվել էր բացարձակ չեմպիոն, քանի որ այժմ տիրում է եւ WBC-ի, եւ WBA-ի չեմպիոնական գոտիներին:
Ի դեպ, Անդրե Ուորդի մարզիչ Վիրջիլ Հանտերը հռչակվել է 2011 թվականի լավագույն մարզիչ: Տարվա լավագույն մարտ է ճանաչվել լեհ Պավել Վոլակի եւ դոմինիկացի Դելվին Ռոդրիգեսի մրցամարտը, որն անսպասելի ավարտվել էր վերջինիս հաղթանակով: