Մեր շախմատիստները հաղթեցին
Հայաստանի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ջիբրալթարի շախմատային փառատոնի Masters մրցաշարում եւ ընդհուպ մոտեցավ առաջատարին:
7-րդ տուրում նա սեւերով պարտության մատնեց արգենտինացի գրոսմայստեր Ռուբեն Ֆելգարին եւ վաստակեց 5,5 միավոր: Սերգեյ Մովսեսյանը այժմ միանձնյա առաջատար, անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսից ետ է մնում ընդամենը կես միավորով: 8-րդ տուրում մեր շախմատիստը կմրցի իրեն համաքայլ ընթացող հնդիկ գրոսմայստեր Գոպալի հետ:
Հաշվետու տուրում հաղթանակ տարավ նաեւ մեր երկրորդ մասնակից Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով առավելության հասավ իսպանացի Ռուբեն Մորալեսի նկատմամբ: Նա 4,5 միավորով զբաղեցնում է 43-րդ տեղը: Այսօր Գաբրիել Սարգսյանը կհանդիպի վրացուհի Լելա Ջավախաշվիլու հետ:
Նշենք, որ մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր, ուստի ցանկացած միավորի կորուստ կարող է լրջորեն ազդել մեր շախմատիստների վերջնական արդյունքների վրա: