«Սա իմ ամենահաջողված մրցաշարն էր»
«Սա իմ ամենահաջողված մրցաշարն էր: Ես, ճիշտ է, շատ մրցումներում եմ հաղթել, սակայն առաջին անգամ ինձ հաջողվեց հսկողության տակ պահել մրցաշարի ընթացքը» - հոլանդական Վեյք ան Զեեի սուպերմրցաշարում հաղթելուց հետո հայտարարել է Լեւոն Արոնյանը:
Անդրադառնալով մրցաշարի վերջին տուրում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ խաղացած գրոսմայստերական ոչ-ոքիին (պարտիան ավարտվել է 12-րդ քայլին` քայլերի կրկության արդյունքում), մեր շախմատիստն ասել է. «Այդ օրը ես առավոտյան վեցին էի արթնացել եւ մտածում էի ճիշտ մարտավարություն ընտրելու մասին: Ի վերջո, որոշեցի խաղալ հաշվենկատ եւ հուսալի: Պարտիայի սկզբում պարզվեց, որ մրցակիցս նույնպես դեմ չէ ոչ-ոքի արդյունքին, ինչն էլ վերջնական հաղթանակ բերեց ինձ»:
Նշենք, որ Լեւոն Արոնյանը ապրիլի վերջին մրցամարտ կանցկացնի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: «Ես, ի տարբերություն Կրամնիկի, նման մրցամարտերին մասնակցելու մեծ փորձ չունեմ, ուստի հաճույքով ընդունեցի նրա առաջարկը: Կարծում եմ, այդ հանդիպումները օգտակար կլինեն ինձ համար» - եզրակացրել է 30-ամյա գրոսմայստերը: