Հենրիխ Մխիթարյանը 23 տարեկան է
Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր դարձավ 23 տարեկան:
«Չնայած երիտասարդ տարիքին, Հենրիխը արդեն իսկական պրոֆեսիոնալ է, դարձել է երկրպագուների սիրելին եւ թիմի անքակտելի մի մասը: Սրտանց ցանկանում ենք քեզ առողջություն, ֆուտբոլային բախտ եւ մեծ թվով գոլեր» - գրել է «Շախտյորի» պաշտոնական կայքը` շնորհավորելով հոբելյարին:
Հենրիխ Մխիթարյանը մեծ ֆուտբոլ խաղալ սկսել է Երեւանի «Փյունիկում», որի կազմում անցկացրել է 89 խաղ, խփել 35 գոլ: 2009 թվականի ամռանը նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» (46/16), իսկ մեկ տարի անց` տեղի «Շախտյոր»:
Մեկուկես տարվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը դարձավ ուկրաինական թիմի առաջատար խաղացողներից մեկը, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 52 հանդիպում, խփել 10 գոլ: «Շախտյորի» հետ նա դարձել է Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր:
Հայաստանի հավաքականում Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս 2008 թվականից: Նա արդեն անցկացրել է 27 խաղ եւ դարձել 8 գոլի հեղինակ, ընդ որում դրանցից 6-ը նա խփել է Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում: 2009 եւ 2011 թվականներին Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Ներկայումս 23-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» կազմում մասնակցում է Dubai Cup միջազգային մրցաշարին, որն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ՄԱԷ-ի մայրաքաղաքում: