Ժոզե Մոուրինյոն չի կարեւորում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի առաջին խաղում սեփական դաշտում «Բարսելոնայից» կրած պարտությունից (1:2) հետո հայտարարել է, որ իր թիմի համար ավելի կարեւոր է հաղթել ազգային առաջնությունում, քան գավաթի խաղարկությունում:
«Հաջորդ փուլ մտնելու շանսեր մենք դեռ ունենք, բայց, պետք է խոստովանեմ, որ մեր համար գլխավորը առաջնությունում լավ խաղալն է: Մենք այժմ ավելի շատ մտածում ենք «Աթլետիկի» հետ առաջիկա խաղի, քան գավաթի պատասխան հանդիպման մասին», - հայտարարել է պորտուգալացի մասնագետը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, մեկնաբանելով երեկ կայացած հանդիպումը, ասել է, որ իր ֆուտբոլիստները չպետք է հանգստանան ձեռք բերածով եւ ավելի կենտրոնացած ներկայանան պատասխան խաղին:
«Թիմը պետք է հասկանա, թե այդ խաղում ինչն է ճիշտ արել, իսկ ինչը` սխալ: Պատասխան մրցավեճում մենք պետք է կրկին բարձր կարգի ֆուտբոլ ցույց տանք, որպեսզի կարողանանք մտնել կիսաեզրափակիչ» - ասել է 41-ամյա մարզիչը:
Նշենք, որ թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 25-ին, Բարսելոնայում: