Դավիթ Նալբանդյանը` մրցավարության զոհ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ փուլի խաղի ավարտից հետո հրաժարվել է սեղմել գլխավոր մրցավարի ձեռքը: Այդ մրցամարտում մեր հայրենակիցը 2:3 հաշվով պարտվել է ամերիկացի Ջոն Իսներին եւ դուրս մնացել պայքարից:
Տեղի լրատվամիջոցները հարավամերիկացի թենիսիստի նման վարքագիծը բացատրել են 5-րդ վճռորոշ մրցախաղի 17-րդ գեյմի ժամանակ տեղի ունեցած միջադեպով: Գլխավոր մրցավարը փոխել է եզրայինի կայացրած որոշումը եւ հաշվել ամերիկացու մատուցումը, իսկ երբ Դավիթ Նալբանդյանը մի փոքր ուշացումով խնդրել է ցուցադրել այդ դրվագը, պարզապես մերժել է նրա պահանջը: Դրանից հետո մեր հայրենակիցը կորցրել է հավասարակշռությունը եւ չի կարողացել կենտրոնանալ խաղի վրա, որի արդյունքում տանուլ է տվել վերջին երկու գեյմերը:
«Պարզապես թյուրիմացություն է նման մրցաշարում վստահել նման մրցավարի: Հաշիվը 8:8 է, խաղարկվում է վճռական միավորը, իսկ մրցավարը հնարավորություն չի տալիս օգտվել տեսագրության կրկնությունից: Ես չեմ հասկանում, թե ինչ էր ցանկանում նա, միգուցե այն, որ հաջորդ օրը թերթերը տպագրեն իր նկարները». - խաղից հետո հիասթափված հայտարարել է Դավիթ Նալբանդյանը: