Փարաջանովը չհասցրեց նկարել իր «Աստվածաշունչը» (տեսանյութ)
Այսօր Սերգեյ Փարաջանովը կդառնար 88 տարեկան:
«Գեղեցկությունն իմ հիվանդությունն է,- գրում էր «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ ղարիբ» ֆիլմերի հեղինակ Փարաջանովը-Ինձ մեղադրում են, որ ես գեղեցկություն եմ ստեղծում, որ իմ յուրաքանչյուր կադրը կարելի է շրջանակի մեջ դնել, ու որ այդպես կինո չեն նկարում»։
Փարաջանովը ստեղծեց աշխարհին մինչ այդ անհայտ իր կինոարվեստն ու դասվեց 20-րդ դարի հեղինակավոր, կուլտային կինոռեժիսորների շարքն ու կյանքի օրոք դարձավ լեգենդ:
«Ես չունեմ ոչ պաշտոնական կոչումներ և ոչ էլ պարգևներ, - գրում էր նա: Ես ապրում եմ Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում ու երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին» :
Փարաջանովն իր կյանքի վերջին տարիներին ավելի կապված էր Հայաստանի հետ: Պատրաստվում էր նկարել «Արա Գեղեցիկ» ֆիլմը ու նաև «Խոստովանանքը», որոնք այդպես էլ չիրականացան:
«Հայաստանի առաջ ես պարտական եմ: Պետք է նկարեմ «Խոստովանանք» ֆիլմը: Դա իմ Աստվածաշունչն է: Դա իմ հայրն է, իմ մայրն է, իմ մանկությունը, բանտարկությունները, երազները»,-ասել է նա։
«Խոստովանանքը» մնաց անավարտ և օգտագործվեց կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի հեղինակային «Բոբո» (1991) գեղարվեստա-վավերագրական, ու Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմերում։
Սերգեյ Փարաջանովը մահացավ 1990-ի հուլիսի 21-ին` Երևանում՝ 67 տարեկանում, թոքերի քաղցկեղից, ու իր վերջին հանգրվանը գտավ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Նրա մահից հետո 1991-ին Երևանում բացվեց տուն-թանգարանը: Եվ ինչպես ամեն տարի Փարաջանովի ծննդյան և մահվան օրերին, այսօր էլ տուն-թանգարանում հավաքվեցին նրա արվեստի նվիրյալներն ու այցելեցին պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրան, ով աշխարհին նվիրաբերեց գեղեցիկի իր երազը: