«Փարիզյան սուրճի» տնօրենը կլքի հայրենիքը (տեսանյութ)
Երեւանցիները շուտով կզրկվեն իրենց ամանասիրելի վայրերից մեկից՝ «Փարիզյան սուրճ» սրճարանից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Աբովյան 23 հասցեում շուրջ 16 տարի գործող սրճարանը ապամոնտաժվելու է:
«Պարոն քաղաքապետն ինձ անձամբ զանգեց և ասաց, որ ինքը Փարիզյան սուրճի դեմ ոչինչ չունի և խնդրեց, որ ես մի քիչ սպասեմ` երկու ամիս և երկու ամսից հետո, նորից անպայման կդնենք Փարիզյան սուրճը»,- «Ա1+»-ին ասաց Վալերի- Աշխեն Գործունյանը:
Սփյուռքահայ գործարար կինը սպասել չի պատրաստվում, դեկտեմբերի 29-ին հեռանում է հայրենիքից, որտեղ տարիներ շարունակ ներդրումներ է կատարել, իսկ այսօր խնդիրներ ունի հարկային մարմինների հետ՝ մոտ 80 մլն դրամի պարտք: Այն մարելու համար տիկին Գործունյանը վաճառել է Հայաստանում գտնվող իր սուրճի արտադրամասի գրեթե կեսը:
«Արդեն 4-5 տարի է ես պայքարում եմ և արդարադատության հետ, և հարկային մարմինների հետ: Ցանկացած նորմալ պետություն ժամանակ կտար իր հարկատուին: Պետությունը, որն ունի փոքր տնտեսություն, ինքը պետք է ցանկանա, որ հարկատուն մնա և առողջ մնա: Ես չեմ կարող մնալ Հայաստանում, որովհետև այդ միջոցները չունեմ: Երևի խանգարում էի, որովհետև ես չեմ կարող սուս մնալ, ես բնավորությամբ ջղայն մարդ եմ»,- մեկնաբանեց տիկին Գործունյանը։
Նա հույս ունի, որ երբեւէ կվերադառնա Հայաստան: Առայժմ մտադիր է սրճարան բացել Փարիզում:
«Ես երևի կփորձեմ այդ անկյունը պահել Փարիզում՝ Le cafe d'Arménie և պահել իմ կապերը Հայաստանի հետ, որովհետև ես սիրում եմ Հայասատանը»:
Ի դեպ, այսօր երեկոյան, ի պաշտպանություն «Փարիզյան սուրճ» սրճարանի, բողոքի ակցիա է նախատեսված հենց սրճարանում: