Հայտնի է լավագույն ֆուտբոլիստը
Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Հարսնաքար» համալիրում կայացած Հայաստանի հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում նրան հանձնվեց «Ոսկե խաղակոշիկը»։
Յուրա Մովսիսյանը ստացավ «Արծաթե խաղակոշիկ, իսկ
լավագույն եռյակը եզրափակեց Ռոման Բերեզովսկին՝ ստանալով «Բրոնզե խաղակոշիկ»:
Երեկոյին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը։
Նա հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկար տարիների նվիրումի և ձեռք բերած մարզական հաջողությունների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ Մովսես Խորենացու մեդալով:
Հավաքականի անդամներին Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բոլոր անդամները ժամանակին պարգևատրվելու են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պետական պարգևներով:
Սերժ Սարգսյանն անձամբ իր, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել հավաքականին՝ հատկապես 2011թ. ցուցադրած բարձր մակարդակի խաղի համար, որը հասարակության մեջ միասնականության, ոգևորության և լավ տրամադրության առիթ դարձավ:
«Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը վստահ լինի, որ իր թիկունքում պետություն է կանգնած, պետություն, որ պատրաստ է այլևս սատարելու, օժանդակելու իր մարզիկներին, պետություն, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սպորտը դառնա շատ-շատերի զբաղմունքի և ոգևորության առարկան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: