Տղաները` Ճապոնիայում, աղջիկները` Չինաստանում
Հայաստանի առաջատար ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ) Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի մասնագետ Ադրիան Կրոիտորուի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ճապոնիայում:
Այս մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նրանք պատրաստվում են լավ մարզավիճակում դիմավորել օլիմպիական՝ 2012 թվականը։
Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հաշվարկով, բարձր վարկանիշ ունեն եւ իրենց քաշային կարգերում եզրափակում են լավագույն տասնյակը: Դա նշանակում է, որ նրանք գործնականում ապահովել են իրենց տեղը՝ 2012թ. ամառային օլիմպիական խաղերում, քանի որ այդ իրավունքը ստանում են 1-22-րդ տեղերում գտնվող ձյուդոյիստները:
Իսկ ահա մեր առաջատար ձյուդոիստուհիները` Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ) այժմ գտնվում են Չինաստանում եւ պատրաստվում են մասնակցել դեկտեմբերի 17-18-ը Քինդաո քաղաքում կայանալիք «Մեծ մրցանակի» խաղերին։ Նրանք պայքարում են օլիմպիական վարկանիշային միավորների համար:
Հիշեցնենք, որ անցած կիրակի Տոկիոյում ավարտված «Մեծ սաղավարտի» մրցաշարում վերոնշյալ քառյակը չէր կարողացել հաղթահարել նախնական փուլի արգելքները: