«Շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին»
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը այսօր կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին` ֆեդերացիային աջակցություն ցույց տալու համար:
«Պարոն Ծառուկյանը գիշեր ու ցերեկ մեր կողքին է եղել, աջակցել է թե ֆինանսապես, թե հոգեպես, արել է ամեն ինչ, որպեսզի մեր մարզիկները խնդիրներ չունենան վերականգնիչների եւ հավելյալ սննդի համար նախատեսված գումարները ստանալու հարցում»,- հայտարարեց Սամվել Խաչատրյանը:
Ամփոփելով այս տարվա արդյունքները, պարոն Խաչատրյանն ասաց, որ դժգոհ է այս տարվա աշխարհի առաջնությունում մեր ծանրորդների մասնակցությունից, բայց միաժամանակ նշեց, որ 2011 թվականին ունեցել ենք նաեւ ձեռքբերումներ: ՀԾՖ-ի նախագահը նկատի ունի աշխարհի պատանեկան առաջնությունում եւ ուսանողական խաղերում մեր ծանրորդների նվաճած անդրանիկ ոսկե մեդալները:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը վերջում հայտարարեց, որ մրցաշրջան- 2012-ը լավ տարի է լինելու հայկական ծանրամարտի համար, իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերում ավելի լավ հանդես կգան, քան 4 տարի առաջ` Պեկինի խաղերում էր: