Լեւոն Արոնյանը կվաստակի 10 հազար եվրո
Այսօր Լոնդոնում կավարտվի London Chess Classics շախմատի մրցաշարը: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի մրցաշարի առաջատարի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:
Ութ տուրից հետո, մեր շախմատիստը վաստակել է նույնքան միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը: Հաջողության դեպքում, նա առավելագույնը կարող է զբաղեցնել 5-րդ տեղը, քանի որ արդեն 4 միավորով ետ է մնում 4-րդ հորիզոնականում գտնվող Հիկարու Նակամուրայից (այս մրցաշարում հաղթանակի համար շնորհում են 3 միավոր):
Նրա անմիջական մրցակիցը աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է, որը նույնպես ունի 8 միավոր, սակայն Արոնյանին գերազանցում է միայն այն պատճառով, որ սեւ խաղաքարով է հաղթանակ տարել:
Նշենք, որ մրցաշարում պարգեւատրվելու են 1-6-րդ տեղերը գրավող մասնակիցները։ 5-6-րդ տեղերում գտնվող շախմատիստները ստանալու են 10 հազարական եվրո: Իսկ ահա մրցաշարի հաղթողը 5 անգամ ավելի գումար կվաստակի: Բացի այդ, յուրաքանչյուր հաղթանակի համար մասնակիցները կստանան 1000-ական եվրո լրացուցիչ պարգեւ (Արոնյանը տարել է ընդամենը մեկ հաղթանակ):