Մեր բանակայինները պարտվեցին
Դեկտեմբերի 9-11-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի խաղարկությունում Հայաստանի Բանակի Մարզական Ակումբի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը նախնական փուլում 3:2 հաշվով հաղթել է ՌԴ արտակարգ իրավիճակների թիմին, ապա Ուկրաինային` 4:1, իսկ կիսաեզրափակիչում առավելության է հասել ՌԴ Ներքին գործերի նախարարության թիմի նկատմամբ` 4:1:
Եզրափակիչում մերոնք հանդիպել են ՌԴ Բանակի մարզական ակումբի թիմի հետ, որի կազմում հանդես էին գալիս 2011 թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ: Համառ պայքարում անցած մրցավեճն ավարտվել է ռուսաստանցիների հաղթանակով` 3:2:
Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, Թուրքիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Հայաստանի մինչեւ 20 տարեկան բանակային ձյուդոյիստները: Մրցանակային հիմնադրամը կազմել է 2 մլն ռուբլի: