Միայնակ հաշմանդամին հեռուստացույց է պետք (տեսանյութ)
Ալավերդցի հաշմանդամ Լևոն Աֆրիկյանը երկար տարիներ մենակ է ապրում։ Ոտքից զրկվել է տարիներ առաջ, երբ աշխատում էր քաղաքի գործարաններից մեկում։
Աշխատանքի գնալիս, բարձրունքից մի մեծ քար է գլորվել և վնասել նրա ոտքը։ Այդ օրվանից Աֆրիկյանn անաշխատունակ է։ Պատմում է, որ գործարանի տնօրինությունն այն ժամանակ իրեն ոչնչով չօգնեց, ավելին՝ անգամ չվճարեց 3-4 ամսվա աշխատավարձը։ «Մայրս է գնացել գործարան ու պահաջել աշխատավարձս, նրանք էլ 10 հազար օգնություն են տվել ու տուն ուղարկել»,- պատմում է Լևոն Աֆրիկյանը։
Այժմ միայնակ հաշմանդամը գոյատևում է ընդամենը 22 հազար դրամ կենսաթոշակով։ Տարվա մեջ 3 ամիս էլ սոցիալական նպաստ է ստանում։ Այսքան բան։
Լևոն Աֆրիկյանը սակայն արդեն իր վիճակից չի էլ դժգոհում ու ոչ մեկից ոչինչ չի խնդրում։
Նա ապրել ու աշխատել է Ռուսաստանում, որ պես հանքափոր։ Հայաստան է վերադարձել 90 ականներին՝ երկրի համար ծանր ու դժվարին տարիներին։ Պատմում է, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, շինարարական ջոկատով մեծ աշխատանք են կատարել աղետի գոտում։
Լևոն Աֆրիկյանը ասում է, որ Ալավերդու հաշմանդամներն արհամարհված են պետության կողմից։ «Ընդհանրապես, հաշմանդամներին, մանավանդ Ալավերդու, ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,- ասում է նա, հավելելով. «կարիքը չունեմ տարվա մեջ մի անգամ տված քաղաքապետարանի էն 10 հազար դրամի, որից հազարն էլ պիտի տաքսիին տամ, որ տուն հասնեմ։ Պետք չէ»։
Լավ է, տարիներ առաջ մի հասարակական կազմակերպություն անվճար ձեռնափայտեր է նվիրել նրան։ Միայնակ հաշմանդամն այսօր այդ ձեռնափայտերի օգնությամբ էլ տեղաշարժվում է։ Ասում է, որ չի կարող նստել ու սպասել ուրիշների օգնությանը։ Աֆրիկյանն իր մեկ ոտքով մոտակա անտառից բերում է ձմռան վառելափայտը, ամռանն էլ օգտվում իր մշակած փոքրիկ այգու բարիքներից։
Միայն մի բան կա, որ նրան խեղճացնում է ու մենակությունն ավելի սրում՝ հեռուստացույցի բացակայությունն է։ Լևոն Աֆրիկյանը դրա կարիքը զգում է հատկապես մութն ընկնելուց հետո։ «Երբ մութն ընկնում է, ամեն մարդ փակվում է իր տանը ու ես լրիվ մենակ եմ մնում աշխարհում»։
Ալավերդիի «Անկյուն+3» ՀԸ