Հավաքականը գլխավորում է Բերեզովսկին
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելին ընդգրկվել են Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ինչպես տեղեկացնում է sportbigmir.net-ը, Դոնեցկի «Շախտյորի» հայազգի լեգեոնականը «Կարպատների» հետ խաղում գեղեցիկ խաղ է ցուցադրել, քանի որ կրկին հանդես է եկել իրեն հոգեհարազատ` ենթահարձակվողի դիրքում: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը այդ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, որը հավակնում է տուրի «Ամենադիտարժան գոլ» մրցույթի հաղթողի կոչմանը:
Մարկոս Պիզելիի մասին կայքէջը գրել է, որ Դոնեցկի «Մետալուրգի» հայ-բրազիլացի լեգեոնականը Պոլտավայի «Վորսկլայի» հետ խաղի հենց սկզբից անլուծելի խնդիրներ է առաջադրել մրցակցի պաշտպաններին` անձամբ դառնալով 2 գեղեցիկ գոլի հեղինակ:
Նշենք, որ Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը գլխավորում է Կիեւի «Օբոլոնի» դարպասապահ Իգոր Բերեզովսկին, որը Կիեւի «Դինամոյի» հետ խաղում իր թիմին օգնել է խույս տալ ... խոշոր հաշվով պարտությունից (դինամոյականները ընդամենը մեկ գոլ են կարողացել խփել):