Վիկտոր Դալլաքյանը կողմ է ՀՖՖ-ի որոշմանը
ՀՀ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ է արել, որ 2013 թվականից անցնում է առաջնության աշուն-գարուն համակարգին:
«Ընդհանուր մոտեցումը դա եվրոպական ստանդարտներին համապատասխան մոտեցում որդեգրելն է, քանի որ եվրոպական երկրներում հենց այդ սիստեմն է գործում: Եվ երկրորդ կարեւորագույն հանգամանքը. մեր հավաքականի այն անդամները, որոնք հանդես են գալիս եվրոպական ակումբներում, նրանք ավելի պատրաստ կլինեն այս մրցակարգի պայմաններում օգուտ տալ հավաքականին» - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց անկախ պատգամավորը:
Վիկտոր Դալլաքյանը, որը ՀՖՖ գործկոմի անդամ է եւ մասնակցել է այդ որոշման կայացմանը, համարում է, որ աշուն-գարուն համակարգն ունի նաեւ իր բացասական կողմը:
«Խոսքը վերաբերում է մեր խաղադաշտերի որակին: Մենք այդ հարցում կարող ենք պրոբլեմներ ունենալ: Բայց քանի որ մենք եվրոպական ընտանիքում ենք գործում, բնականաբար, այն բոլոր կանոնները, որոնք կան եվրոպական ընտանիքում, մենք պետք է վերցնենք: Այսինքն, հարցը ունի երկու դրական եւ մեկ հարցական կողմ: Դրա համար իմ մոտեցումը դրական է այս հարցում»: