«Փյունիկը» փոխեց գլխավոր մարզչին
2012 թվականին Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավորի մարզչի պարտականությունները կկատարի ակումբի պատանեկան թիմի մարզիչ Սուրեն Չախալյանը: Այս մասին այսօր կազմակերպած տարեւերջյան մամուլի ասուլիսին ասաց ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ապա նա կշարունակի աշխատել «Փյունիկում», բայց արդեն տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Ինչպես տեղեկացրեց Կարեն Հարությունյանը, ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում փոխել կադրային քաղաքականությունը. «2012 թվականին, ինչպես եւ այս տարի, մենք կրկին հիմնվելու են մեր սեփական կադրերի վրա: Ճիշտ է, թիմի կազմը ուժեղացնելու համար հնարավոր է, որ արտերկրներից հրավիրենք հայազգի ֆուտբոլիստների»:
«Փյունիկն» այժմ գտնվում է ձմեռային արձակուրդում: Թիմը մարզումները վերսկսելու է 2012 թվականի հունվարի 6-ից: