Զավեն Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց
Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը Մագնիտոգորսկում մեկնարկած շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության 2-րդ փուլի առաջին պարտիայում սեւերով ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Մատլակովի հետ: Վաղը կայանալիք պատասխան մրցամարտում մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:
Նշենք, որ խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով: Մրցակիցները միմյանց հետ 2 պարտիա են անցկացնում: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է լրացուցիչ մրցախաղում:
Առաջին փուլում Զավեն Անդրեասյանը, որը անցյալ տարվա ՌԴ գավաթակիրն է, 1,5:0,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Սեմյոն Դվոյրիսին:
Կանանց մրցաշարում հաջող է հանդես գալիս հայազգի շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովան: Նա արդեն հաղթահարել է առաջին փուլի արգելքը եւ մտել կիսաեզրափակիչ: Այստեղ Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակցուհին ուժերը չափում է ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկի հետ: Նրանց միջեւ կայացած առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի: