Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդբոլ՝ մսամթերքի գործարանի հովանու ներքո

Սպորտ
302673e2e320a86db52932137610fef2

Նոյեմբերի 12-14-ը Երեւանի «Միկա» մարզադահլիճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթի» հանդբոլի 3-րդ միջազգային մրցաշարը: Այդ առիթով այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ մրցաշարի կազմակերպման գլխավոր նպատակը հանրապետությունում մարզաձեւի մասսայականացումն է:

Միաժամանակ մատնանշեց, որ Հայաստանում չկա միջազգային չափանիշների հանդբոլի խաղահրապարակ, որտեղ մեր հավաքականը կարող է մարզվել եւ հանդիպումներ անցկացնել:

«1 մլն եվրոյով կարելի է նորմալ խաղահրապարակ կառուցել, սակայն դրանով պետք է զբաղվի պետությունը, քանի որ մասնավորի դեպքում մարզասրահի սեփականատերը կարող է բարձր վարձավճարներ պահանջել»:

Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ միայն «ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշարի կազմակերպման համար ֆեդերացիան ծախսել է այնքան գումար, որքան տարեկան մարզաձեւին հատկացնում է ՀՀ կառավարությունը (մոտ 18 մլն դրամ):

«Ես կուզեի շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին: Այս հարցում մեզ շատ են օգնել Սյունիքի մսամթերքների գործարանը, Երեւանի քաղաքապետարանը, «Հայռուսգազարդը», «Տիգրան Մեծ» տպարանը` բրոշյուր եւ պաստառ տպելու համար, Նուշիկյան ասոցիացիան` մրցաշարի գովազդը կազմակերպելու համար»,- հայտանեց Սարգիս Գրիգորյանը:

Հավելենք, որ «ՀՀ վարչապետի գավաթի» 3-րդ խաղարկությանը մասնակցում են 4 երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները: