Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխերը կուզենան հաղթել Երեւանում

Սպորտ
102b90f79c84949f94e4bd8880f37b7b

Ֆուտբոլի Չեխիայի երիտասարդական հավաքականը պատրաստվելով Հայաստանի այդ տարիքային թիմի հետ հանդիպմանը, այսօր մարզում է անցկացրեց Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:

Չեխերի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլի օգնական Պետեր Կովալը մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իրենք Երեւան են ժամանել անպայման միավոր վաստակելու նպատակով:

«Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկայումս ուժեղագույնն է ընտրական այս խմբում: Այստեղ մեզ դժվար խաղ է սպասում, քանի որ Հայաստանը սեփական հարկի տակ լավ է հանդես գալիս եւ արդեն խոշոր հաշվով հաղթել է Չեռնոգորիային: Սակայն վաղը մեր թիմը պայքարելու է հաղթանակի համար, իսկ նվազագույն խնդիրը` «ոչ-ոքի» խաղալն է»:

Չեխ մասնագետը նաեւ խոստովանեց, որ իրենց երկու հարց է մտահոգում. «Ֆուտբոլիստների վրա նախեւառաջ ազդում է ժամային գոտու տարբերությունը: Հանդիպումը սկսելու է մեզ համար անսովոր՝ 14:00-ին (Հայաստանի եւ Չեխիայի միջեւ 3 ժամվա տարբերություն կա): Բացի այդ, երկարատեւ ճանապարհորդությունից հետո խաղացողների մոտ հոգնածություն է նկատվում»:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն էլ ասաց, որ հանդիպման ֆավորիտը ինքնին, Չեխիայի հավաքականն է, սակայն նշեց, որ ոչ միշտ են հաղթում ֆավորիտները։

«Թիմերի առաջին հանդիպումից հետո տղաները համոզվեցին, որ կարելի է խաղալ չեխերի հետ»,- նկատեց գլխավոր մարզիչը: