Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» հետեւեց Սըր Ալեքսի օրինակին

Սպորտ
c58ad75dc13930a79294e90949fdc4fa

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, որը արդեն 25 տարի շարունակ զբաղեցնում է այդ պաշտոնը, նշել է, որ իր հրավիրած ֆուտբոլիստներից մի քանիսը պարզապես չեն կարողացել հարմարվել թիմի խաղաոճին:

Դրանց թվում են այնպիսի հանրահայտ խաղացողներ, ինչպիսիք են 2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը, արգենտինացի Խուան Սեբաստիան Վերոնը, բրազիլացի Կլեբերսոնը:

Անհաջողակների ցուցակում ընդգրկվել է նաեւ հարձակվող Դոնգ Ֆանչժուն, որն այս տարի հանդես եկավ Երեւանի «Միկայի» կազմում: Նա 2004 թվականին «Դալյան Շիդա» թիմից տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»` դառնալով անգլիական թիմի առաջին չինացի լեգեոնականը: Սակայն արդեն 2005 թվականին շոտլանդացի մասնագետը հրաժարվել էր ասիացի ֆուտբոլիստի ծառայությունից:

Երեկ Սեր Ալեքսի օրինակին են հետեւել նաեւ «Միկայի» ղեկավարները, որոնք համաձայնության գալով ֆուտբոլիստի հետ, ժամանակից շուտ խզել են վերջինիս հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին ակումբի մամուլի կենտրոնից:

Ի դեպ, Դոնգ Ֆանչժուի պայմանագրի ժամկետը ավարտվում էր այս տարվա դեկտեմբերի 1-ին, սակայն «Միկա» ակումբը ավելի շուտ է ազատ կարգավիճակ տվել չինացի լեգեոնականին: Պատճառն այն է, որ չինացուն լուրջ որակազրկում է սպասվում, քանի որ նա առաջնության վերջին խաղում հայհոյել էր խաղի տեսուչին: