Հայաստանի թիմերը 4-րդն են
Նոյեմբերի 3-ին Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Տղամարդկանց մրցաշարը կանցկացվի 18-րդ անգամ: Դրան կմասնակցեն 38 երկրների ազգային թիմեր: Հայաստանի հավաքականը (գլխավոր մարզիչ` Արշակ Պետրոսյան), որը հանդես կգա Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան եւ Ռոբերտ Հովհաննիսյան կազմով, իր վարկանիշով (2716 միավոր) զիջում է Ռուսաստանին (2758), Ուկրաինային (2729) եւ Ադրբեջանին (2727):
Կանանց մրցումներին, որն անցկացվում է 8-րդ անգամ, կմասնակցեն 28 երկրների հավաքականներ: Հայաստանի ընտրանին (գլխավոր մարզիչ` Արթուր Չիբուխչյան) իր վարկանիշով նույնպես զբաղեցնում է 4-րդ տեղը` ետ մնալով Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից: Այս առաջնությունում մեր կանանց թիմը հանդես կգա նորացված կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Նելլի Աղինյան: