ՀԱՕԿ-ը պայմանագիր կնքեց «Ֆորվարդի» հետ
2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը հանդես կգա ռուսական «Ֆորվարդ» ընկերության մարզահագուստով:
Դա պարզ դարձավ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նիստերի դահլիճում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի եւ սպորտային հանդերձանք արտադրող այդ ընկերության միջեւ կնքած երկկողմ պայմանագրից հետո:
Ըստ այդ համաձայնագրի, ռուսական կազմակերպությունը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի տարբեր մարզաձեւերի հավաքականներին ապահովելու է մարզահագուստով ու համապատասխան մարզագույքով:
«Ֆորվարդ» ընկերության տնօրեն Վադիմ Շտոլերը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ-ի ղեկավարությանը` իրենց արտադրանքին վստահելու համար: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ասաց, որ իրենց կողմից կատարած նման ընտրությունը պատահական չէ, քանի որ աշխարհահռչակ շատ մարզիկներ են հանդես գալիս «Ֆորվարդի» մարզահագուստով:
Հայաստանին հատկացվելիք հավաքածուն արդեն մտել է արտադրություն: Մեր մարզիկները առաջին անգամ «Ֆորվարդի» մարզահագուստը կկրեն հենց 2012 թ լոնդոնյան խաղերում: