Թումասյանը սպասում է նոր հրավերի
Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային թիմի հայազգի պաշտպան Դենիս Թումասյանը OneDivision.ru կայքով հայտարարել է, որ չի կարող հանդես գալ Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության 2-րդ շրջանի մնացած հանդիպումներում:
««Շիննիկի» հետ խաղը անցավ շատ կոշտ պայքարում եւ մեր թիմի մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացան: Ես նույնպես վնասեցի ոտքս, ուստի մինչեւ այս տարվա վերջը չեմ կարողանա խաղալ»,- հայտարարել է պաշտպանը:
Խոսելով Հայաստանի հավաքականի վերջին խաղերին հրավիրված չլինելու մասին, Դենիս Թումասյանն ասել է. «Ես առայժմ ոչինչ չեմ հասկանում: Միգուցե հաջորդ ընտրական փուլի մեկնարկի՞ն ինձ հրավիրեն Հայաստանից: Տեսնենք, ինչպես կստացվի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը օգոստոսի վերջին Անդորայի եւ Սլովակիայի խաղերին նախապատրաստվելու համար թիմ էր հրավիերել նաեւ Դենիս Թումասյանին, սակայն վերջինս չէր ներկայացել ուսհավաքին: