Ամենայն Հայոց կաթողիկոսի գործը նոր դատավորի է մակագրվել
Աջակցիր «Ա1+»-ինԱմենայն Հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։
Նա արդեն երրորդ դատավորն է, ում մակագրվել է գործը։
Գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մանուկյանին։ Այս տարվա օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստի ընթացքում նա ինքնաբացարկ էր հայտնել' պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Այնուհետեւ գործը մակագրվել էր նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նա էլ գործն ուղարկվեց Երեւան' պատճառաբանությունն այն է, որ Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) կարգալույծ անելու տնօրինության մեջ նշված չէ վայրը՝ Էջմիածինը, հետևաբար, Երևանում թող որոշեն՝ գործը ընդդատյա է Արմավիրի մարզի, թե Երևանի դատարանին։
Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։