Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել նախարարին, սա նորություն է. Պապիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին, որոնք, մասնավորապես, ինքնասպանությունների և սպանությունների հետևանք են։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա պատասխանեց հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում բանակում սպանությունների և ինքնասպանությունների հետևանքով մահվան դեպքերի հաճախականությունը։
«Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում։ Ինչո՞ւ։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ այս հարցին պետք է նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն են ենթադրում։ Հայաստանի բանակի ողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր եղել են մշտապես, դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ, 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ 2-ի»,- ասել է նախարարը։
Պապիկյանը նաև ներկայացրել է 2015-2026 թվականներին բանակում ինքնասպանությունների, սպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի վիճակագրությունը։
«2015 թվականին դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016 թվականին այդ թիվը միանգամից դարձել է 19։ Այս ընթացքում աշխատել են նույն նախարարն ու Գլխավոր շտաբի նույն պետը։ 2017 թվականին այդ թիվը եղել է 13, 2018 թվականին՝ 12, 2019 թվականին՝ 11, 2020 թվականին՝ 10, 2021 թվականին՝ 10, 2022 թվականին՝ 8, 2023 թվականին՝ 9, 2024 թվականին՝ 11, 2025 թվականին՝ 2, 2026 թվականին՝ 8։
Սա վիճակագրություն էր այն մասին, որ վերջին տասնամյակի ընթացքում այս թվերը և՛ մեծացել են, և՛ պակասել են։ Սրանք ունեն տարբեր պատճառներ, իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով են, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են, ոչ միայն այսօր, այլ նաև երեկ։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չէ։ Անկախ նրանից՝ պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Ես չպետք է խորշեմ լսել, որ դուք ներկայացնում եք ինչ-որ խնդիր, այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ»,- ասել է նախարարը։
«Հայաստանի Հանրապետության բանակը շարունակելու է սպառազինվել և արդիականացվել»
Սուրեն Պապիկյանն անդրադարձավ բանակի սպառազինությանը, 25-օրյա վարժական հավաքներին, բանակում առկա քրեական ենթամշակույթին և զինվորական կարգապահությանը։
«Հայաստանի Հանրապետության բանակը շարունակելու է սպառազինվել և արդիականացվել»,- հայտարարեց նա։
Խոսելով աշխատանքի թափանցիկության մասին՝ նախարարն անդրադարձավ վերջին շրջանում զորամասեր կատարած իր հաճախակի այցելություններին։ Նրա խոսքով՝ այդ այցերը միայն տեսախցիկների համար չեն, և դրանց ընթացքում ինքը ստանում է այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ պաշտոնական զեկույցներից։
«Ես կարծում եմ, որ մենք պիտի շարունակենք աշխատել ավելի բաց, և պատրաստվում եմ իմ աշխատանքային ինտենսիվությունը ի ցույց դնել մեր հանրությանը»,- ասաց Պապիկյանը։ Նրա խոսքով՝ զորամասեր այցելելիս ինքը «բացահայտումներ» է անում և համապատասխան հետևություններ կատարում։
Անդրադառնալով 25-օրյա վարժական հավաքներին՝ նա նշեց, որ դրանց արդյունավետության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում և քայլեր ձեռնարկում ծառայության որակը բարելավելու ուղղությամբ․ «Այլընտրանք չկա, մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորը պատրաստենք»։
Նախարարի խոսքով՝ 25 օրն ընտրվել է որպես օպտիմալ ժամանակահատված, որպեսզի քաղաքացիները կարողանան վերապատրաստվել՝ հնարավորինս քիչ կտրվելով աշխատանքից և առօրյայից։
Միաժամանակ Պապիկյանը խոսեց ԶԼՄ-ներում բանակի վերաբերյալ հրապարակումների մասին և լրագրողներին կոչ արեց չհրապարակել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ․ «Եթե սրտացավ եք, այդ մասին կարող եք անհատական նամակով գրել։ Վստահ եղեք՝ ես հետևողական կլինեմ։ Եթե ձեր խնդիրն ուղղակի բանակն անվանարկելն է, մենք էլ ստիպված ենք լինելու դրան արձագանքել»։
«Պատասխանատու եմ, որ գողական բարքերն արմատախիլ անենք»
Նախարարն ընդունեց, որ որպես պաշտպանության նախարար՝ այդ հարցում ունի պատասխանատվության իր բաժինը․ «Ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք։ Ու ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու հետևից»,- հայտարարեց Պապիկյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն որպես վիճակագրություն, այլ նաև որպես ծնողների և ամբողջ հասարակության մտահոգություն։ Պապիկյանի խոսքով՝ այս հարցերով վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են պաշտպանության, կրթության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։
Նախարարը նաև նշեց, որ բանակում առկա խնդիրների լուծման համատեքստում առաջիկայում կլինեն նոր նշանակումներ։
Լրագրողները հիշեցրին նաև Սուրեն Պապիկյանի զինվորական ծառայության տարիների հետ կապված միջադեպը։ Նշվեց, որ, ըստ այդ տեղեկությունների, նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ծառայակցին դանակահարելու վերաբերյալ, և հարց ուղղվեց՝ արդյոք նման վարքագիծը քրեական ենթամշակույթի դրսևորում չէ՞։
Պաշտպանության նախարարը կտրականապես հերքեց մեղադրանքը․ «Ես նման բան չեմ արել։ Իսկ հիմա դա չեմ շարունակում»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ ծառայել է ռուսական բանակում, որտեղ, իր խոսքով, «գողական բարքեր» չեն եղել։
Անդրադառնալով զորամասերում զինվորների դիմավորման, արտաքին տեսքի և կարգապահության վերաբերյալ քննադատություններին՝ Պապիկյանը նշեց, որ հասարակության ուշադրությունը բանակի նկատմամբ դրական է, եթե այն ուղղված է կարգապահության ամրապնդմանը։ Նա պատմեց, որ զորամասերից մեկն անսպասելի այցի ժամանակ տեսել է նորակոչիկների, որոնք զորակոչվել էին նախորդ օրը։
«Ես տեսել եմ այդ քննադատությունները՝ կապված ինձ ընդունելիս զինվորականների տեսքի հետ, բայց հարկ չեմ համարել դրանց պատասխանել, որովհետև այնտեղ մեղադրական որևէ բան չկա։ Շատ լավ է, որ մեր հասարակությունն ուշադիր է և պահանջում է կարգ ու կանոն։ Ես էլ եմ պահանջում կարգ ու կանոն և հետևողական եմ լինելու, որ կարգ ու կանոնը շարունակաբար ավելի ամրանա»,- եզրափակեց Պապիկյանը։