Որտեղո՞վ է անցնելու և ի՞նչ չափեր է ունենալու ԹՐԻՓՓ-ը․ պարզաբանում է Խանդանյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹՐԻՓՓ-ի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի երկարությունը հայտնի է՝ մոտ 43 կմ, սակայն դրա ամբողջական ենթակառուցվածքային քարտեզն ու չափերը դեռ վերջնականապես հստակեցված չեն և գտնվում են ուսումնասիրությունների փուլում։
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ նախագիծը միայն երկաթուղի կամ ավտոճանապարհ չէ, և դրա տարբեր բաղադրիչների համար կարող են ընտրվել տարբեր երթուղիներ։
Հարցը խորհրդարանում բարձրացրել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ փորձելով պարզել ոչ միայն ԹՐԻՓՓ-ի երկարությունը, այլև դրա կոնկրետ պարամետրերը՝ որտեղով է անցնելու երթուղին, ինչ խորություն և լայնություն է ունենալու, և ճանապարհի որ հատվածն է ներառվելու նախագծում։
Խանդանյանի պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցերի մի մասի վերաբերյալ վերջնական տվյալներ դեռևս չկան։
Նրա խոսքով՝ տարբեր ենթակառուցվածքներ պարտադիր չէ, որ անցնեն նույն երթուղով։ Օրինակ՝ էլեկտրահաղորդման գծերի համար կարող է ընտրվել այլ, ավելի հարմար տեղանք, մինչդեռ երկաթուղին Հայաստանի հարավում նախատեսվում է անցկացնել խորհրդային տարիներին գոյություն ունեցած երկաթուղու երթուղով։
«Հայաստանի հարավով անցնելիքը դա երկաթուղին է, և երկաթուղին անցնելու է այնտեղով, որտեղով խորհրդային տարիներին է անցել երկաթուղին», - ասել է Խանդանյանը։
Սակայն մյուս ենթակառուցվածքների կոնկրետ երթուղիների հարցում պատկերը դեռ վերջնական չէ։ Խանդանյանը նշել է, որ այս պահին ընթանում են իրագործելիության ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պետք է պարզ դառնա, թե որ հատվածներով են անցնելու օպտիկամանրաթելային մալուխները, նավթագազային ենթակառուցվածքները, ավտոճանապարհը և այլ բաղադրիչներ։
Նա նաև ընդգծել է այն փաստը, որ տարբեր ենթակառուցվածքների կառավարումն իրականացվելու է համապատասխան «դուստր ձեռնարկությունների» միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում