Սենսացիա ա դարձել ադրբեջանցի մասնագետների այցը, այս մասին հաղորդագրություն եղել է. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանցի մասնագետների այցերը Հայաստան նորություն չեն, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի առևտուրը հնարավոր է ապագայում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ։
Լրագրողը Փաշինյանին հարց էր ուղղել Իլհամ Ալիևի այն հայտարարությունների վերաբերյալ, որոնցում նա խոսել էր Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման և Հայաստանին էլեկտրաէներգիա վաճառելու պատրաստակամության մասին, ինչպես նաև պնդել էր, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրել են, թե ԹՐԻՓՓ-ի շրջանակում Հայաստանում որտեղով պետք է անցնեն նոր էներգետիկ գծերը։
Փաշինյանը, անդրադառնալով ադրբեջանցի մասնագետների այցին, նշել է, որ այն «սենսացիա է դարձել որոշ շրջանակներում», սակայն նաև հիշեցրել է, որ դեռ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին հաղորդագրություն է եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների փոխադարձ այցելություններ են տեղի ունեցել երկու երկրների տարածքներ։
ՀՀ ԱԳՆ-ի այդ օրվա հաղորդագրության համաձայն՝ «կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով»։
Փաշինյանը նաև նշել է, որ 2026 թվականի հունվարի 15-ին ևս մեկ այց է եղել՝ որի քննարկման առարկան եղել է երկաթուղին։
«Մենք նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ՝ այդ թեմաներով աշխատում ենք, և տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը Ալիևի հայտարարության մյուս հատվածին՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման թեմային, նույնպես անդրադարձել է։
Նրա խոսքով՝ ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտի հարցը նոր չէ և արձանագրված է, այդ թվում՝ Հայաստանի կողմից կնքված միջազգային պայմանագրերում։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պետք է վերանայի իր էներգետիկ ռազմավարությունները՝ նոր պահանջարկին համապատասխան կարողություններ ապահովելու համար։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի ռազմավարությունը էներգետիկ անկախությունն է, այդ թվում՝ արևային և կուտակիչ կայանների զարգացումը։
Սակայն, ըստ Փաշինյանի, դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից։
«Երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն կարող ենք ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով»,- ասել է վարչապետը՝ նշելով նաև Թուրքիայի, Իրանի և Վրաստանի հետ հնարավոր էներգետիկ առևտրի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում