Գնանք նոտար, Ձեր ունեցվածքը տվեք ինձ, ես էլ աշխատավարձից կհրաժարվեմ. Սիսակ Գաբրիելյանը՝ Ղազինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում շարունակվում են քննարկումները ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության վերաբերյալ։
Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որն անդրադարձավ Արամ Վարդևանյանի՝ աշխատավարձերի վերաբերյալ նախկինում հնչեցրած հայտարարություններին։
Գաբրիելյանը նշեց, որ Արամ Վարդևանյանին հարց էր ուղղել աշխատավարձերի վերաբերյալ և ստացել պատասխան, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից բոլորն աշխատավարձ կստանան, բացի խմբակցության նախագահ Սամվել Կարապետյանից։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ ընտրություններից առաջ նույն խմբակցությունից հայտարարվել էր՝ իշխանության գալու դեպքում պատրաստ են մեկ դրամով աշխատել։
«Հիմա ինձ հետաքրքրում է՝ ընտրություններից առաջ ասում էիք՝ պատրաստ ենք մեկ դրամով աշխատել, իսկ հիմա, երբ իշխանություն չեք ստանձնել, ասում եք՝ աշխատավարձ կստանանք»,- նշեց Գաբրիելյանը։
Նա նաև անդրադարձավ հավելավճարների թեմային՝ ասելով, որ իրենց խմբակցությունից որևէ մեկը չի իմացել, թե գործընկերները հավելավճարներն ինչ են արել, դա հարգանք է նրանց նկատմամբ։
«Իսկ դուք ասում եք՝ հրապարակային ներկայացնելու եք, թե ինչպես են բաշխվում աշխատավարձերն ու հավելավճարները»,- ասաց պատգամավորը։
Գաբրիելյանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանին առաջարկեց նաև փոխանակվել անձնական ունեցվածքով և աշխատավարձով, փոխարենը ինքը ևս 5 տարի աշխատավարձ չի պահանջի։
«Եկեք նոտար, Ձեր ունեցվածքը տվեք ինձ, ես էլ աշխատավարձից կհրաժարվեմ»,- հայտարարեց նա՝ դիմելով Ղազինյանին։
«Ձեր ռուսական համարներով մեքենան էլ կքշեի»,- ավելացրեց քիչ անց։
Գաբրիելյանը նաև անդրադարձավ «մանդատագողություն» ձևակերպմանը՝ նշելով, որ նույն կերպ մանդատներ են բաշխվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և «Հայաստան» դաշինքին։
«Մանդատագողություն եք ասում։ Բայց Արամ Վարդևանյանի թեկնածու առաջադրվելուց հետո արդեն չեմ հասկանում ձեր ասածները։ Հաջորդ անգամ, եթե ասեք՝ «մանդատագողություն», ուղիղ մեջբերում կանեմ, որ այդ մանդատները նաև ձեզ է բաժին հասել»,- ասաց նա։
Ելույթի ավարտին Սիսակ Գաբրիելյանը հաջողություն մաղթեց Արամ Վարդևանյանին՝ նշելով, որ հույս ունի՝ ընտրվելու դեպքում նա այնպիսի գործողություններ չի կատարի, որոնք կհանգեցնեն նրան, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հանձնարարականները չեն կատարվի, և իրենք ստիպված կլինեն Վարդևանյանին պաշտոնից հեռացնելու հիմքեր արձանագրել։