Ինչպես անցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 հոգևորականների գործով առաջին դատական նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործի առաջին դատական նիստը տեղի ունեցավ Էջմիածնի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ մեծաթիվ քաղաքացիների, հոգևորականների և լրագրողների ներկայությամբ։
Դատարանի բակում հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին Գարեգին Բ-ին, իսկ հոգևորականները նրան ուղեկցեցին հոգևոր երգեցողությամբ։ Այդ մթնոլորտում Կաթողիկոսը մտավ դատարանի շենք։
Դատարանի մուտքի մոտ հավաքված բազմաթիվ լրագրողներից միայն մի քանիսին թույլատրվեց մասնակցել նիստին, մինչդեռ մեծ մասը մնաց դատարանի բակում՝ սպասելով ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների։
Նիստի սկզբնական փուլից հետո դատարանի ներսում գտնվող լրագրողներին ևս խնդրեցին լքել դահլիճը՝ հայտնելով, որ դատական նիստը կանցկացվի դռնփակ Այդպիսով, նիստի հետագա ընթացքը հանրության համար անհասանելի դարձավ։
Մինչ լրագրողներն ու քաղաքացիները սպասում էին դատարանի բակում, հավաքվածները գրեթե միաձայն կրկնում էին, որ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին։
Քիչ անց հայտնի դարձավ, որ գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։
Դատարանից դուրս գալուց հետո Գարեգին Բ-ին կրկին դիմավորեցին հոգևոր երգեցողությամբ։ Կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Երթի ողջ ընթացքում շարունակվում էր հոգևոր երգեցողությունը, իսկ Մայր Աթոռ հասնելուն պես հնչեցին եկեղեցու զանգերը։
Հիշեցնենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսին և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել այն բանի համար, որ, ըստ մեղադրանքի, նրանք ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ խոչընդոտել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։ Քրեական վարույթի հիմքում դրվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությունը։