Խանջյանի ամառանոցի ճակատագիրը մնում է անորոշ․ շենքը փլուզվում է տարեցտարի/ թարմացված
Աջակցիր «Ա1+»-ինՊարզ չէ, թե Դիլիջանում գտնվող Աղասի Խանջյանի ամառանոցը դեռ ինչքան կմնա կիսավեր վիճակում։ Հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շինությունը տարեցտարի հայտնվում է «վտանգավոր գոտում»։
Խորհրդային Հայաստանի պետական ու քաղաքական գործիչ Աղասի Խանջյանի ամառանոցը կառուցվել է 1936թ․-ին։ Տարիների ընթացքում շենքը տարբեր նպատակներով է օգտագործվել, սակայն հետագայում լքվել է։
«Ամառանոցի շենքը ներկայում կիսավեր, վթարային վիճակում է, ինչի պատճառ է հանդիսացել հուշարձանի դիմայահաց լանջի վերնահատվածում կառուցված ջրահավաք կառույցի փլուզումը և շենքի տակ ջրերի ներթափանցումը, հարավ-արևմտյան ձորապռնկում սկսված հողասահքը և կայուն հիմնային մասի բացակայությունը»,- տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցման։
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ամառանոցի տակ գտնվող՝ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի 3/1 հասցեի 2800 քառակուսի մետր մակերեսով հողամասը ձեռք է բերել «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ-ն։
2023 թվականին ընկերությունն այն նվիրաբերել է Դիլիջան համայնքին, որն էլ հողամասը ներառել է համայնքային հողային ֆոնդում և գրանցել շենքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը։
Ըստ գերատեսչության` հաշվի առնելով շենքի վթարային վիճակը՝ համայնքը դիմել է ԿԳՄՍ նախարարություն` դրա վերականգնման և նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով հուշարձանը «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ –ին անժամկետ, անհատույց օգտագործման հանձնելու խնդրանքով:
«Նախարարությունը համաձայնություն է տվել հուշարձանը ընկերությանը օգտագործման հանձնելու առաջարկին:
Հուշարձանի վերականգնման հարցը քննարկվել է տեղում համայնքի և ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ, ապա նախարարության գիտամեթոդական խորհրդի 2024 թ. մայիսի 23-ին տեղի ունեցած N 7-րդ նիստում և որոշվել՝ ներկայացնել տարածքի հետազոտությունների արդյունքները, իսկ դրանց անբարենպաստ լինելու հանգամանքի հաստատման դեպքում՝ ընդունելի համարել կառույցի տեղափոխման առաջարկությունը:
Վերոնշյալ նիստից հետո նոր առաջարկություն (կամ նախագիծ) նախարարություն չի ներկայացվել»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։
Չնայած հուշարձանի վթարային վիճակին՝ ԿԳՄՍ նախարարությունը վերականգնողական աշխատանքների համար ֆինանսավորում չի ծրագրավորել։
Գերատեսչությունը հիմնավորում է դա «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 36-րդ հոդվածով, ըստ որի՝ հուշարձանների սեփականատերերն են պարտավոր իրականացնել դրանց պահպանությունը, ամրակայումը, նորոգումն ու վերականգնումը.
«Նկատի ունենալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենք, 36-րդ հոդվածով հուշարձանների սեփականատերերի պարտականություններին վերաբերող դրույթները (հուշարձանների սեփականատերերն են իրականացնում դրանց պահպանությունը, ամրակայումը, նորոգումը և վերականգնումը)՝ ԿԳՄՍ նախարարությունը Աղասի Խանջյանի ամառանոցի շենքի վերականգնողական աշխատանքներն իրականացնելու ֆինանսական միջոցների տրամադրում չի ծրագրավորել»:
Այնուամենայնիվ, Նախարարության փոխանցմամբ՝ ամառանոցի վերականգնման և հիմնանորոգման աշխատանքների վերջնական նպատակը այն որպես թանգարան օգտագործելն է։
Բայց քանի որ ժամկետների վերաբերյալ չկա որեւէ որոշում, չկա նաեւ որեւէ երաշխիք, որ պատմական կառույցը կմնա կանգուն մինչ այդ։
«Գրիին Ռոք» ընկերության արձագանքը ԿԳՄՍՆ -ին