Մերոնք չեն մասնակցի աշխարհի առաջնությանը
2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ` 28-ամյա Գևորգ Դավթյանը (77կգ) և նրա հասակակից Տիգրան Վ. Մարտիրոսյանը (85կգ) լուրջ վնասվածքի (ողնաշարի ճողվածք) պատճառով այս մրցաշրջանում ելույթներ չունեցան ու բնականաբար բաց կթողնեն նոյեմբերին Փարիզում անցկացվելիք աշխարհի առաջնությունը: Սակայն պատվախնդիր այս ծանրոդները դեռ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու հույսերը չեն կորցրել:
Ա1+-ի թղթակցի հետ զրույցում, Գևորգ Դավթյանը հայտնեց, որ թե ինքը և թե Տիգրանը արդեն 4 ամիս է բուժման կուրս են անցնում մարզավիճակը պահպանելու համար, ու վերսսկել են թեթեւ մարզումները: Բժիշկների հավաստմամբ տիտղոսակիր այս ծանրորդները բուժման կուրսն ավարտելուց հետո առաջիկա 15-20 օրից կկարողանան ողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել:
Ծանրորդները նպատակ ունեն գալիք գարնանը մասնակցել ՀՀ առաջնությանն ու հաջող ելույթների շնորհիվ կրկին ընդգրկվել ՀՀ ազգային հավաքականի կազմում:
Դավթյանի հավաստմամբ, իրենք ջանադրաբար ու ամենայն լրջությամբ կպատրաստվեն այդ կարևոր ստուգատեսին, քանի որ անպայման կրկին ուզում են մասնակցել օլիմպիական խաղերին:
Տեղեկացնենք, որ անցյալ տարի Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում փորձառու նրանք կրկին վնասվածքի պատճառով անհաջող հանդես եկան: