Մեր ձյուդոիստները կմեկնեն Աբու Դաբի
Տղամարդկանց ձյուդոյի ՀՀ ազգային հավաքականի առաջատարներ, 2009-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանն (60կգ) ու 2005-ի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը (66կգ) 2012թ. Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեն:
Ա1+-ի թղթակցի հետ զրույցում, ձյուդոյի ՀՀ հավաքականի 2-րդ մարզիչ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ Դավթյանն ու Նազարյանը իրենց քաշային կարգերում համաշխարհային դասակարգման ցուցակում ներկայումս առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Հովհաննեսը 15, իսկ Արմենը` 16-րդ տեղերում են։
Լոնդոնում հանդես գալու իրավունք կստանան այն ձյուդոիստները, որոնք 2012թ. մայիսի 1-ի դրությամբ իրենց քաշային կարգերում համաշխարհային դասակարգման ցուցակում կզբաղեցնեն 1-22-րդ տեղերը:
Մեր առաջատար 2 ձյուդոիստները առաջիկայում իրենց վարկանիշային միավորները ավելացնելու շատ լավ հնարավորություն ունեն: Նրանք վաղը կմեկնեն Աբու Դաբի (ԱՄԷ), ուր հոկտեմբերի 16-17-ին կմասնակցեն «Գրան Պրիի» փուլ հանդիսացող բարձրակարգ մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է:
Այս ստուգատեսը օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի, եւ հաղթողը կստանա վարկանիշային 200 միավոր:
Նկատենք, որ անգամ մեկ հաղթանակ տանողը կստանա վարկանիշային 8 միավոր: Ի դեպ այս ստուգատեսի կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գայանե Հարությունյանն (48կգ) ու Ժաննա Ստանկեւիչը (57կգ), որոնք եւս օլիմպիական խաղերին մասնակցելու հույսեր են փայփայում:
Հայաստանի 4 պատվիրակները Աբու Դաբիում ելույթ կունենան ձյուդոյի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի մասնագետ Ադրիան Կրոիտորուի ղեկավարությամբ:
Նկատենք, որ առայժմ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր են ստացել Հայաստանի միայն 4 մարզիկներ` հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Միհրան Ջաբուրյանը: Համեմատության համար նշենք, որ մեր հարևան Ադրբեջանն արդեն 23 օլիմպիական ուղեգիր է նվաճել: