Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Մուլտի Գրուպի» տասնյակ ընկերություններում այս օրերին հարկային ստուգումներ են․ Տոնոյան (տեսանյութ)

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են տեղի ունենում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Շատ մանրամասնորեն իրավական մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև «Մուլտի Վելնեսը» հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկն է, որտեղ պարոն Ծառուկյանը բաժնեմասեր ունի, բայց այո, տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել։

Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի Գրուպ» կոնցերնին՝ մինչև 2065 թվականը, և առանց որևէ հիմնավորում ներկայացնելու Երևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով «Մուլտի Գրուպ» կոնցերին։

Իրավաբաններն իրենց առարկություններն արդեն իսկ ներկայացրել են և, բնականաբար, մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետև մինչև 2065 թվականն ունենալով վարձակալության պայմանագիր, երբ մեկ գիշերում նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ սա ընդամենը քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում, և հերթական անգամ իշխանությունները իրենց ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսներն ու լծակները փորձում են որպես մահակ օգտագործել:

Սա իմ գնահատականն է, բայց առաջիկայում իրավաբաններն ավելի հստակ հարցի հետ կապված դիրքորոշում կներկայացնեն: Քանի որ բացարձակ հիմնազուրկ է այդ ծանուցագիրը, իրավաբաններն արդեն համապատասխան գործընթացը կիրականացնեն օրենքի շրջանակներում, սակայն «Մուլտի Գրուպ» կոնցերնի տասնյակ ընկերություններում են այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ, այսպես րոշակի գործընթացներ տեղի ունենում»,- ասել է նա։