Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչական դատարանը քննում է ԲՀԿ հայցերը՝ ԿԸՀ որոշումների դեմ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԲՀԿ-ն վարչական դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումները, որոնցով անվավեր են ճանաչվել երկու ընտրատեղամասերի արդյունքները։ Կուսակցության պնդմամբ՝ այդ որոշումները կարող են ազդել 4 տոկոսի շեմը հաղթահարելու վրա։

Գործի քննությանը որպես երրորդ կողմ մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ու «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը։ ՔՊ-ի՝ նիստը հետաձգելու միջնորդությունը դատարանը մերժել է։

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշել է, որ վերահաշվարկից հետո կուսակցության ձայներն ավելացել են 147-ով, սակայն 222 ձայն պակասել է 35/65, 10/51 և 12/13 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչվելու հետևանքով։

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները դատարանում պնդել են, որ ԿԸՀ-ն իրավասու չէր առանձին տեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչել, քանի որ դա ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունն է։ Նրանց կարծիքով՝ ԿԸՀ-ն կարող էր միայն վերաքվեարկություն նշանակել, սակայն նման որոշում չի կայացրել։

ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը հակադարձել է, որ հանձնաժողովը գործել է ընտրական օրենսգրքի շրջանակում և խնդրել է մերժել հայցերը։

Դատարանն ավարտել է երկու գործերի քննությունը՝ 35/65 և 10/51 տեղամասերի վերաբերյալ։ Որոշումները կհրապարակվեն մինչև օրվա ավարտը։ Վերաքվեարկություն անցկացվելու հարցը դեռևս անորոշ է։

 

Ավելի ուշ Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցերն ընդդեմ ԿԸՀ–ի 2 որոշման։ Կուսակցությունը 2 հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները։