Հարցազրույցից հայտնի դարձած անձը ձերբակալվել է․ Քննչական կոմիտե
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեիում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հովհաննես Սահակյանը հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այս մասին Ա1+-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):
Քննիչի որոշմամբ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը հայտնի էր դարձել օդանավակայանում հայտնի հարցազրույցից հետո։
Երեկ ձերբակալության մասին հայտնել էր նաեւ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը․
«Հովհաննեսը՝ վերջին երկու օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի «հերոսն» է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «բարդություններին»։
Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի։ Երեկ եթերում պատմել եմ, թե իրականում ով է նա։ Նաև ասել եմ, որ եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈՒ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։
Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում, ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում այստեղ։ Այսինքն, այնպես չէ, որ հենց ընտրությունների համար է եկել։ Պարզապես նրա իրոնիան (իսկ իրականում վիրավորանքը) սխալ է հասկացվել։ Բայց նույնիսկ եթե մարդը խուսափեր «բարդություններից» և ցանկանար շուտ վերադառնալ, դրա հանցանքը ո՞րն է։
Մի խոսքով՝ մարդու ազատությունն այս պահին սահմանափակված է։ Իր խոսքերի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալում է իրեն»։