Գոհար Մելոյան. «Եթե ձեզ թվում է ընտրական գործընթացը բնականոն է, ձեզ դա ընդամենը թվում է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը պնդում է՝ ընտրախախտումներ են տեղի ունեցել․ «Եթե ձեզ թվում է ընտրական գործընթացը բնականոն է, ձեզ դա ընդամենը թվում է»
Մելոյանի խոսքով՝ իրենց թիմը հսկայական համակարգ է ներդրել ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունն ապահովելու համար և վերահսկողություն է իրականացնում բոլոր 2005 ընտրատեղամասերում։ Ի տարբերություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), որը մասնակցության տվյալները հրապարակում է 3 ժամը մեկ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը սեփական տվյալները թարմացնելու է 2 ժամյա պարբերականությամբ։
Նա հայտնեց, որ հայտարարության պահից 20 րոպե առաջվա տվյալներով ընտրություններին արդեն մասնակցել է 187,917 քաղաքացի, ինչը Մելոյանը որակեց որպես «բավականին ոգևորիչ թիվ»։
Այդուհանդերձ, ըստ նրա, ընտրատեղամասերում արձանագրվում են էական՝ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային խախտումներ, որոնք փաստում են որոշ քաղաքական ուժերի՝ սեփական հաղթանակի հանդեպ ունեցած անվստահության և քաղաքացու կամքի վրա միջամտելու փորձերի մասին։
Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 07:00-ից մի շարք տեղամասերում արգելվել է դաշինքի վստահված անձանց մուտքը։ Մելոյանը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքով յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի տեղամասում ունենալ երկուական ներկայացուցիչ։
Արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Բացի այդ, սարքավորումների վրայի լուսային ազդանշանները (կանաչ, դեղին, կարմիր), որոնք պետք է վառվեն մատնահետքի և անձնագրի ստուգման ժամանակ, որոշ տեղերում չեն աշխատել։
Դաշինքը չի բացառում կողմնակի միջամտությունը և պատրաստվում է սրանք հետագայում փորձաքննության առարկա դարձնել։
Ահազանգեր կան, որ տեխնիկական սարքի տպած կտրոնի վրայի հերթական թիվը չի համապատասխանում ընտրողների ցուցակում առկա թվին, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
Գոհար Մելոյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման փորձերին․ «Ծրարները որոշակիորեն անորակ են, իրենք թափանցիկ են և բնականաբար ընտրողի գաղտնիության իրավունքը խախտում են։ Մարդը դուրս է գալիս, տակից երևում է համարը, թե որ քվեաթերթիկն է վերցրել»,- նշեց նա՝ կոչ անելով քաղաքացիներին ծրարը մոտեցնել թաքցրած կողմով։
Մանրամասները՝ տեսանյութում