'Մենք պետք է ինքներս հաղթահարենք բոլոր արգելքները'
Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան - Մակեդոնիա խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը մեկնաբանելով հանդիպումը, ասաց, որ Հայաստանի հավաքականը տպավորիչ խաղ ցուցադրեց եւ նույնպիսի հաղթանակ տարավ:
«Հայաստանը այսօր ուղղակի մեզանից լավ էր ֆուտբոլ խաղում» - կարճ եզրակացրեց ուելսցի մասնագետը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չնայած խոշոր հաշվով հաղթանակին, առայժ գոհ չէ թիմի խաղի որակից:
«Որոշ դրվագներում ֆուտբոլիստների մոտ չէր ստացվում կոմբինացիոն խաղը: Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք այդ ուղղությամբ: Դրականն այն է, որ թիմը աճելու տեղ ունի»:
Խոսելով Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ մտնելու շանսերի մասին, Վարդան Մինասյանը ասաց, որ հարկավոր է հիմնվել սեփական ուժերի վրա եւ հույսեր չկապել մյուս մրցակիցների հետ:
«Այժմ ինձ չեն հետաքրքրում Ռուսաստանի եւ Սլովակիայի հավաքականների ելույթները: Մենք պետք է մեր խաղը խաղանք եւ ինքներս հաղթահարենք բոլոր արգելքները» - մատնանշեց մեր թիմի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այսօր Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում սեփական հարկի տակ 4:1 խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիայի ազգային թիմին եւ շարունակում է պայքարը եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար:
Օրացուցային հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 11-ին: Այդ օրը Հայաստանը Դուբլինում ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ, որը նույնպես պայքարում է ուղեգրի համար: