Բացել լրահոսը Փակել լրահոսը
պաստառ1
A A
Քաղաքականություն

Ո՞վ է ավելի «կանաչ»․ ՄԱՍ 2

Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական ծրագրերում տարբեր կերպ են  անդրադառնում բնապահպանական  օրակարգին  «Ա1+»-ը շարունակում է «դուրս բերել կանաչ օրակարգը» նախընտրական ծրագրերից։   Առաջին մասն՝ այստեղ։  Շարքը շարունակելի է։

Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ)

Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) նախընտրական ծրագրում բնապահպանությանը նվիրված է առանձին բաժին, ինչպես նաև համապատասխան դրույթներ են ներառված էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընտրի մաքուր բնությամբ տնտեսական զարգացման մոդելը, «ոչ թե դառնա այլ երկրների համար հումքային կցորդ՝ սեփական քաղաքացիների առողջության առումով անխուսափելի բոլոր բացասական հետևանքներով»։

Ծրագրով նախատեսվում է արգելել հանքարդյունաբերության հետագա զարգացումը։ Հայաստանը պետք է բավարարվի միայն հին ավանդական հանքերի շահագործմամբ, իսկ գործող տնտեսվարողների նկատմամբ կիրառվեն խիստ էկոլոգիական չափանիշներ։ Նախատեսվում է փակել և կոնսերվացնել Երևանի օդը աղտոտող հանքերը։ ՀԱԿ ծրագրով նախատեսվում է վերացնել աղբավայրերը և կառուցել աղբամշակման գործարաններ։ Կխստացվեն քաղաքաշինության նորմերը՝ սահմանելով պարկային գոտիների ստեղծման պարտադիր պահանջ։

Նախատեսվում է շարունակել բարձրացնել արևային էներգետիկայի տեսակարար կշիռը։ Այս նպատակով առաջնահերթություն է համարվում կուտակիչ հզորությունների ստեղծումը՝ համակարգի անկայունությունից և վթարային անջատումներից խուսափելու համար։ Ջրային ռեսուրսների կառավարումը բարձրացվելու է ռազմավարական մակարդակի, կստեղծվի Ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն։

Ծրագրվում է վերականգնել ստորերկրյա ջրային ավազանի մակարդակը և կրճատել ստորերկրյա ջրառը։ ՀԱԿ-ը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես օրգանիկ արտադրանքի մատակարար՝ թիրախավորելով էկոլոգիական մաքրություն գնահատող սպառողին։ Կստեղծվի «Organic Armenia» միասնական պետական բրենդը։ Խրախուսվելու է էկոտուրիզմը և արկածային տուրիզմը՝ ենթակառուցվածքների բարելավման միջոցով։ Ամփոփելով՝ ՀԱԿ-ի բնապահպանական տեսլականը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բնակչության առողջությունն ամենից վեր է, իսկ տնտեսական առաջընթացը չպետք է լինի բնության հաշվին։

Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ)

«Բնապահպանությունը լինելու է պետական անվտանգության մաս»,- ամրագրված է ծրագրի՝ Վարդան Ղուկասյանի առաջնորդած «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության նախընտրական ծրագրում։ Բնապահպանական և «կանաչ» հարցերը ծրագրում հիմնականում ներկայացված են ըստ Հայաստանի մարզերի զարգացման ռազմավարությունների: Կուսակցության համոզմամբ՝ Հայաստանի բնական պաշարները չպետք է զոհաբերվեն հանուն բիզնես շահերի․ «Ոչ ոք իրավունք չի ունենալու կործանել Վայոց Ձորի սարերը, անտառները, ջրերը հանուն կարճաժամկետ շահույթի»։

Ընդերքի շահագործումը պետք է իրականացվի «խիստ բնապահպանական վերահսկողության ներքո», իսկ շահույթը պետք է ծառայի ժողովրդին և համայնքների զարգացմանը: Ըստ ԴՕԿ-ի՝ «Տավուշի անտառները չեն դառնալու թալանի աղբյուր», իսկ անտառահատումների նկատմամբ սահմանվելու է «խիստ պետական վերահսկողություն»: Նույն մոտեցումն է որդեգրված նաև Լոռու մարզի համար, որտեղ անտառները «պետք է ծառայեն ժողովրդին, այլ ոչ թե ապօրինի շահագործողներին»: Գեղարքունիքի մարզի զարգացման տեսլականում Սևանա լիճն ունի առանցքային նշանակություն:

Կուսակցությունը հայտարարում է, որ «Սևանը լինելու է պետական պաշտպանության հատուկ գոտի»: Ծրագրով նախատեսվում է անհապաղ «դադարեցնել Սևանի անխնա շահագործումը» և վերջ դնել բնապահպանական հանցագործություններին: ԴՕԿ-ը լեռնային և բարձրադիր գյուղերի համար խոստանում է ներդնել «արևային էներգիայի համակարգեր»՝ ապահովելով էներգետիկ խնայողություն և բնապահպանական մաքրություն: Մարզերում (հատկապես Վայոց Ձորում և Տավուշում) ԴՕԿ-ը խոստանում է զարգացնել էկոտուրիզմը և լեռնային տուրիզմը։

«Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կետերից մեկը բնապահպանական խնդիրների լուծումը պետական պարտքի բեռի թեթևացման հետ կապելն է։ «Կյանքի կոչել «Բնապահպանական ներդրումներ` պետական պարտքի դիմաց» ծրագիրը»,- ասված է ծրագրում։ Ծրագրային դրույթներից է կանաչ տնտեսությանն ուղղված նախաձեռնությունների խրախուսումը։ Առաջնահերթություն է համարվում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունը և կենսաբազմազանության վերականգնումը։ Սևանի ավազանը նախատեսվում է ձևավորել որպես առանձին բնապահպանական և տնտեսական կլաստեր։

Երևանի զարգացման ծրագրում դաշինքն առաջարկում է բնապահպանական միջոցառումների լայն շրջանակ։ Հանրային տրանսպորտի շարժակազմը նախատեսվում է համալրել էկոլոգիապես մաքուր էլեկտրական ավտոբուսներով։ Օդի որակի նկատմամբ կիրառվելու է խիստ վերահսկողություն՝ ներդնելով մոնիթորինգի օբյեկտիվ համակարգ քաղաքի բոլոր հատվածներում։ Ծրագրվում է լուծարել Նուբարաշենի աղբավայրը և կառուցել աղբի տեսակավորման ու վերամշակման ժամանակակից գործարան։ Աղբահանության վճարը կհաշվարկվի ըստ թափոնների քանակի կամ անձերի թվի, այլ ոչ թե բնակարանի մակերեսի։ Բնակելի շենքերի տանիքներին նախատեսվում է տեղադրել արևային համակարգեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հրազդանի կիրճին. «Հրազդանի կիրճին՝ քաղաքի թոքերին, կտրվի հանրապետական՝ որպես «Պետական պահպանության հատուկ գոտի» և դրա վերածում քաղաքային հանգստի գրավչագույն զբոսայգու»։

Առաջարկվում է «Ջրահեռացման և կոյուղու ռեֆորմ»․ նախատեսվում է իրականացնել լայնածավալ ներդրումներ ջրահեռացման համակարգի և մաքրման կայանների կառուցման ու նորոգման համար։ Նոր կառուցապատումների ժամանակ կսահմանվեն պարտադիր չափորոշիչներ զբոսայգիների և կանաչ գոտիների ստեղծման համար։ Նախատեսվում է խստացնել քաղաքաշինության նորմերը՝ սահմանելով պարտադիր չափորոշիչներ նոր կառուցապատումների ժամանակ զբոսայգիների և կանաչ գոտիների ստեղծման համար։ Սահմանել խիստ վերահսկողություն քաղաքին հարակից բաց հանքավայրերի նկատմամբ՝ կամ փակել ու կոնսերվացնել դրանք: Բացի այդ՝ առաջարկվում է ներդնել շինհրապարակների կառավարման «զրոյական փոշի» ստանդարտը՝ ընդ որում ընդգծելով՝ շեշտակի։

«Լուսավոր Հայաստան»

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության  նախընտրական ծրագրային հատվածներում բնապահպանական կամ «կանաչ» օրակարգին առնչվող կոնկրետ և մանրամասն առաջարկներ ներառված չեն։  Կուսակցությունը կենտրոնացել է ազգային ինքնության, անվտանգության և պետական ինստիտուտների վերափոխման վրա։ «Հայկական պետականության և մեր ինքնության պաշտպանությունից է կախված այսօրվա Հայաստանի հարատևությունը։ Հենց այս գիտակցումով Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես չի գալիս երկրորդական, երրորդական բնույթի ծրագրերով կամ պոպուլիստական խոստումներով՝ ելնելով վերը նկարագրված օրհասկան իրավիճակից»,-ասված է ծրագրում։

 Շարունակելի