Բացել լրահոսը Փակել լրահոսը
55
A A
Քաղաքականություն

ՌԴ քաղաքացի՞ է, թե՝ ոչ. Ալեն Սիմոնյանը պնդում է, Նարեկ Կարապետյանը՝ հերքում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր սոցցանցի էջում մի փաստաթուղթ է տեղադրել՝ հարցնելով՝ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի: Փաստաթղթի ծագումը հասկանալի չէ ու պարզ չէ նաև, թե այն ինչպես է հայտնվել Սիմոնյանի ձեռքի տակ, գրում է «Ազատությունը»։ 

 

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց դիմեց Սիմոնյանին, թե «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք» - «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում», - պնդեց նա:

Հայաստանյան օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձին պատգամավորի թեկնածու լինել:

ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը factor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ 

«ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,- նշել է խոսնակը։