Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրային նոր խնդիր` հավաքականում

Սպորտ
83e40c66ef056df1fd72e510f4c276f0

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հետ խաղից առաջ կադրային նոր խնդրի առաջ է կանգնել:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսին թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը չի կարող մասնակցել վաղը կայանալիք հանդիպմանը:

«Առաջիկա խաղի նախապատրաստական փուլը նորմալ է ընթանում, սակայն նոր խնդիրներ են ավելացել: Ինչպես գիտեք, Արազ Օզբիլիսը վնասվածքով էր ժամանել Երեւան եւ չի կարող մասնակցել խաղին, իսկ Հրայր Մկոյանը որակազրկված է: Ավաղ, երեկ մարզման ժամանակ վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ըստ նախնական հետազոտությունների, նա 90 տոկոսով չի կարող խաղալ Մակեդոնիայի դեմ»:

Սակայն Վարդան Մինասյանը չի պատրաստվում այդ դիրքի նոր խաղացող հրավիրել: «Կենտրոնական երկու պաշտպաններին կընտրենք Վալերի Ալեքսանյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Յուսպաշյան եռյակից»,- ասաց մարզիչը:

Չնայած կադրային խնդիրներին, մեր հավաքականի գլխավոր մարզիչը լավատեսորեն է տրամադրված Մակեդոնիայի հետ խաղից առաջ:

«Հավաքականի մնացած 18 ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են՝ վաղվա խաղին պատրաստ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Քանի որ մեզ հաղթանակ է պետք, ուստի կաշխատենք հենց սկզբից ուժեղ ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա եւ արագ գոլ խփել» - նշեց Վարդան Մինասյանը: