Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաշնակցականներն այսօր էլ քաղբանտարկյալ են»

Քաղաքականություն
d5b508be64b9d522c60be3c97eb3be5e

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր իր տված հրապարակային ասուլիսի ժամանակ պատասխանեց նաեւ եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ հարցին: Առաջին նախագահը նախ հիշեցրեց Սահմանադրական այն նորմը, ըստ որի Հայաստանը աշխարհիկ պետություն է, իսկ եկեղեցին անջատ է պետությունից:

Ըստ Տեր-Պետրոսյանի, սա է զարթոնքի հիմքը, որ, վերջապես, պետությունը ազատվեց եկեղեցու տոտալիտար իշխանությունից եւ սկսեց զարգացնել մշակույթն ու կրթությունը: Նախկինում եկեղեցին էր սահմանում այն գրքերը, որոնցով պետք էր դասավանդել ու հասարակությունը պետք է կարդար, եկեղեցին էր որոշում Գալիլեյի ճակատագիրը եւ այլն: Եվ միայն եկեղեցու լուծը թոթափելուց հետո հնարավոր դարձավ զարգացնել պետականությունը` այլեւս պետությունն իր համար էր, եկեղեցին իր:

«Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի: Ես 6 տարի դասավանդել եմ ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել հրատարակչությունում, ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է»,-հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա, ի դեպ, եկեղեցու գործերին չխառնվելու իր հաստատակամության մասին ժամանակին հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինին, որը եկեղեցու սպասավորի` երկու եպիսկոպոսի, նշանակման հարցում փորձել է խորհրդակցել նախագահի հետ:

«Եկեղեցին անջատ է պետությունից, ում ուզում եք ուղարկեք»,-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր իր ասուլիսում առաջին նախագահը անընդունելի համարեց եկեղեցու գործերին խառնվելը. «Երբեք եկեղեցին չպետք է դառնա պետության գործիքը, ինչպիսինն այսօր դարձել է»:

Հարցին, թե որն է երկխոսությունը շարունակելու նպատակը, երբ ի սկզբանե, որեւէ հույս չեք կապել դրա հետ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Երկխոսությունը սկսելու նպատակը ի սկզբանե պարզ էր, մենք էլ, իշխանությունն էլ գիտի, որ կան խնդիրներ, եւ մենք փորձել են քաղաքակիրթ եղանակով լուծել խնդիրները, որպեսզի չկրկնվեն արաբական երկրների իրադարձությունները»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հավելեց, որ ոչ միայն իշխանությունը, այլեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, որեւէ մեկ ուժ ՀԱԿ-ի հետ հաշվի չի նստի, եթե ՀԱԿ-ը գործոն չլինի։ «Իսկ մենք գործոն ենք ներկայացնում ձեզանով, առանց ձեզ մենք ոչ ոք ենք»,-ասաց Տեր-Պետրոսյանը:

Հերթական անգամ հարցապնդում հնչեց, որ նաեւ Առաջին նախագահի իշխանության օրոք են երկրում եղել քաղբանտարկյալներ` հանձին ՀՅԴ-ի:

«Այն հարցն է, որին տասնյակ անգամ պատասխանել եմ, 100 տարի, 1000 տարի էլ անցնի, այս հարցը տալու են»,-ասաց նա

Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ դաշնակցական գործիչներ ասելով՝ նկատի ունեն «Դրոյի գործը»` 94 դեկտեմբերին բացահայտված, եւ «31»-ի գործը` 1995 թվականի հուլիսին բացահայտված: «Բացահայտվել էր նարկոտիկների գործ. ստացվել էր համապատասխան ինֆորմացիա, որ Բեյրութից Երեւան նարկոտիկներ են տեղափոխում, եւ ՌԴ անվտանգության ուժերի հետ կարողացանք բացահայտել գործը, երբ եղան խուզարկություններ, պարզվեց, որ գործ ունենք տեռորիստական խմբի հետ. ոչ իմացել ենք` ովքեր են, ինչ են, հետո միայն պարզվեց, որ դաշնակցականներ են: 8 հոգի դատվեց թմրանյութի, անօրինական զենքի համար, մի 3-4 մարդ`մարդասպանության համար»:

Գործի նախապատմությունը հակիրճ ներկայացնելուց հետո Տեր-Պետրոսյանը նկատեց, որ եթե «Դրոյի գործով» դատվածները քաղբանտարկյալներ են, ինչո՞ւ են մինչեւ հիմա մեկուսարաններում:

«Մեր իշխանության օրոք նրանք նստել են 3 տարի, իսկ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ դաշնակցական իշխանության տարիներին 14 տարի, եթե նրանք քաղբանտարկյալ են եղել, ուրեմն այսօր էլ են քաղբանտարկյալ, եթե անարդար էին դատել, ինչո՞ւ չազատեցին բանտերից: Ու մի փաստ էլ. «31-ի» գործը բացահայտել եւ նախաքննությունը մինչեւ վերջ տարել է անվտանգության եւ ՆԳ նախարար Սերժիկ Սարգսյանը»,-ասաց նա։

Ի պատասխան Տեր-Պետրոսյանի այս խոսքերի հնչեցին հանրահավաք-ասուլիսի մասնակիցների ծափողջույնները: