Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վախկոտ դավաճանները և փախած էլիտաները պատմության մեջ պետք ա իրենց գնահատականին արժանանան»․ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատմական գնահատականների և քաղաքական պատասխանատվության հարցերին՝ հայտարարելով, որ «վախկոտ դավաճանները և փախած էլիտաները պատմության մեջ պետք ա իրենց գնահատականին արժանանան»։ Նա ցույց տվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից 2015 թվականին հրատարակված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորը՝ այն ներկայացնելով որպես «ՀՀ պաշտոնական պատմություն»։

Նա նշեց, որ գրքում հեղինակները հղում են տվել պատմաբան Լեոի (Առաքել Բաբախանյան) դիտարկումներին և ընթերցեց մի հատված. «Վավերագրերի և մտքերի համակցման կուռ տրամաբանության լեզվով նա՝ Լեոն, ներկայացնում է աշխարհի վերաբաժանման, նոր գաղութների նվաճման համար գոտեմարտի բռնված տերությունների դիվանագիտական խարդավանքները հայկական հարցում»։

Փաշինյանի խոսքով՝ պատմաբանի այն գնահատականը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը եղել է սոսկ միջոց Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու համար, «դիմացել է ժամանակի քննությանը»։

Պատմաբանը նաև ընդգծել է, որ նույն ժամանակաշրջանում արևմտահայությունը չի ստացել սպասված աջակցություն և պաշտպանություն։

Վարչապետը հավելեց, որ, չնայած պատմաբանության շուրջ առկա տարբեր մոտեցումներին, տվյալ աշխատության հեղինակները ներկայացրել են փաստերը «ճշգրիտ և համադրված ձևով»՝ կրկնելով. «Սա արժեքավոր է, այստեղ է գրված ամեն ինչ»։

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականին Հայաստանը եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և, իր ձևակերպմամբ, «ունեցել է անվտանգության երաշխավոր», սակայն «հենց այդ կազմակերպությունն ա մեզ ուղղորդել սպանդանոց»։

Վարչապետը հավելեց, որ այժմ Հայաստանը փորձում է դուրս գալ «կառափնարան տանող ճանապարհից»։

Վարչապետը նաև շեշտեց, որ հայ ժողովուրդն իր խաղաղությունը ձեռք է բերել մեծ զոհողությունների գնով, և այն պետք է պահպանել։